Այս գիշեր առնվազն 12 մարդ է ձերբակալվել Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում՝ Փարիզում անցած շաբաթ իրականացված ահաբեկչությունների շարքի հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP գործակալությանը:

 

Ձերբակալվածները կասկածվում են Կուաշի եղբայրների և նրանց հանցակից Ամեդի Կուլիբալիի հետ կապերի համար:

 

Իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվել է ինը տղամարդ և երեք կին: Նրանք բոլորը ձերբակալվել են և հարցաքննվում են ծայրահեղականներին հնարավոր օգնություն տրամադրելու առնչությամբ:

 

Քննիչները ենթադրում են, որ նշված անձինք կարող էին հանցագործներին «կազմակերպչական աջակցություն» ցուցաբերել, մասնավորապես, նրանց տրամադրելով զենք և տրանսպորտային միջոցներ:

 

Բացի այդ, իրավապահները շարունակում են խուզարկությունների շարքը Փարիզի արվարձաններում, ինչպես նաև Մոնրուժում, որտեղ Կուլիբալին սպանել է ոստիկանության աշխատակցի: