Վերջին շրջանում ծիծաղելի եւ զավեշտալի նախաձեռնություններով եւ վարքագծով սեփական եւ միջազգային հանրությանը զարմացրած Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս անգամ երկրում թափանցիկությունը սահմանափակող քայլ է արել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանն արգելել է կյանքի կոչել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ներկայացրած «Թափանցիկության փաթեթը», որով բոլոր թուրք պաշտոնյաներից պահանջվում հայտարարագրել սեփական ունեցվածքը: Էրդողանն իր այդ քայլը «հիմնավորել» է այն բանով, որ «դրա ժամանակը չէ, դա խորհրդարանական ընտրությունների շեմին կարող է բացասական ազդեցություն գործել տնտեսության վրա, քանի որ երկրում հնարավոր չէ գտնել թափանցիկ գործող որեւէ պաշտոնյայի»:
«Խիստ որոշումներ եք ընդունում: Դա կարող է վնասել տնտեսությանը: Այդպես գնա' էլ չեք կարող գտնել նահանգի եւ քաղաքի ղեկավար», -ասել է նա: Էրդողանի այդ քայլը միանշանակ չի ընդունվել թուրքական հանրության կողմից: Որոշ վերլուծաբաններ այն գնահատել են որպես կոռուպցիայի նկատմամբ հովանավորչություն:
Նման եզրակացության համար թուրք վերլուծաբանները նկատի են ունեցել 2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալը, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները:
Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից ՙմաքրելու՚ գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: