Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նրա ընտանիքը և ընկերները հիշատակի արարողություն են կազմակերպել Դինքի գերեզմանի մոտ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

Բալըքլըի հայկական գերեզմանատանը հունվարի 18-ին իրականացված հիշատակի արարողությանը նրկա են եղել Դինքի այրին' Ռաքել Դինքը, նրա որդին' Արաթը, եղբայրներն ու պարզապես նրանք, ովքեր անտարբեր չեն եղել պոլսահայ մտավորականի գործունեության նկատմամբ:

 

Մասնակիցները ծաղիկներ են դրել Դինքի գերեզմանին, այնուհետև աղոթել են նրա հիշատակին: Աղոթքից հետո ամեն տարվա նման գերեզմանի աշխատակիցներից մեկը բանաստեղծություն է կարդացել Դինքի հիշատակին:

 

Արարողությանը ներկա է գտնվել նաև ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ սպանությունը տեղի է ունցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին: Նա նշել է, որ հանցագործությունը եղել է նախապես ծրագրավորված, և դրանում կա ներկայիս իշխանությունների պատասխանատվության մասնաբաժինը:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ զինված հարձակման հետևանքով:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, սպանության անմիջական իրականացնող Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերսկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրա ծ 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: