Իտալական հանրաճանաչ «La Stampa» պարբերականում հունվարի 10-ին հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Իտալիայում մեծ հեղինակություն վայելող Մարկո Տոզատիի հոդվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «1915-1.5 մլն հայ նահատակներ» վերնագրով հոդվածում հեղինակը գրում է.

 

«Մեկ դար առաջ թուրքական կառավարությունը սկսեց հայերի (և կայսրության քրիստոնյա այլ փոքրամասնությունների) ցեղասպանությունը: Այս պատմության ողբերգական հեգնանքն այն է, որ 1 դար անց նույն տարածքներն ականատեսն են քրիստոնյաների նոր հետապնդումների՝ արմատական իսլամի անունով և Ծոցի երկրների ֆինանսավորմամբ, Անկարայի և Արևմուտքի հանցակցությամբ: Ցեղասպանությունների դարում Հայոց ցեղասպանությունն առաջինն էր, որին զոհ գնացին հարյուր հազարավոր անձինք: Այդ ողբերգության 100-ամյակը կնշվի զանգվածային սրբադասման երբևիցե տեղի ունեցած մեծագույն ար արողությամբ»:

 

Հոդվածագիրը նշում է, որ Հայ առաքելական եկեղեցին այս ապրիլի 23-ին կհայտարարի 1915թ. և հաջորդ տարիներին սպանված 1.5 մլն զոհերի նահատակության մասին: Այնուհետև մեջբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2014թ. դեկտեմբերի կոնդակից, որտեղ նշվում է, որ «2015 թվականի յուրաքանչյուր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման և խնկարկման օր է լինելու, հոգևոր երթ դեպի Հայրենիքում և Սփյուռքում վեր հառնած նահատակաց հուշարձաններ' ծնրադիր խոնարհումով աղոթք բարձրացնելու անշիրիմ մնացած մեր անմեղ զոհերի հոգիների համար»:

 

«Արդարություն է պահանջում մեր անմեղ զոհերի արյունը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարություն են պահանջում մեր ավերակված սրբությունները, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները, նաև մեր ժողովրդի կեղծվող և խեղաթյուրվող պատմությունը»,- մեջբերում է հոդվածագիրը:

 

Մարկո Տոզատին հոդվածն ավարտում է թուրքական, այսպես կոչված, «Թալեաթ փաշա» կոմիտեի մասին անդրադարձով՝ նշելով. «Վերջերս Հունաստանը մերժեց «Թալեաթ փաշա» կոմիտեի մուտքը երկիր: Դա թուրք ազգայնական մի կազմակերպություն է, որը մտադիր էր բողոքել Հունաստանի խորհրդարանի կողմից անցած սեպտեմբերին ընդունված օրենքի դեմ, որը խստացնում է պատիժը ցեղասպանության և պատերազմական հանացագործությունների ժխտման համար:

 

Թալեաթ փաշան համարվում է Հայոց ցեղասպանության գաղափարակիրն ու կազմակերպիչը և հայերի համար համազոր է, ինչպես հրեաների համար, Հիտլերին կամ Հիմլերին: Կոմիտեն ուզում էր բողոքել օրենքի դեմ, բայց Աթենք ժամանելիս պարտադրվեց հաջորդ թռիչքով վերադառնալ Թուրքիա»: