Սիրիական լրատվամիջոցները ևս ճեղքում են լռության պատը: Սկսել են իրենց հոդվածներում անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը' հենց «ցեղասպանություն» անվանելով երիտթուրքերի իրագործած ոճրագործությունը: Ինչպես հաղորդում է Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 99 տարի մոտ 1,5 միլիոն հայերի արյունը, ովքեր սպանվե լ են Օսմանյան կայսրության սուլթանների կողմից, չի չորացել և դեռ սպասվում է, որ մարդասպանների սերունդները կճանաչեն սպանության և արյունահեղության իրենց կեղտոտ պատմությունը:
Գործակալությունն իր հոդվածում անդրադառնում է հազարավոր փաստաթղթերի և վկայությունների առկայությանը, որոնք հաստատում են օսմանցիների ձեռքով 20-րդ դարի սկզբին ավելի քան 1.5 միլիոն հայերի սպանությունը: Եվ մինչև այժմ նրանք շարունակում են հերքել՝ բացականչելով ազատության և ժողովրդավարության մասին: Հոդվածում Արամ Ջորջյանը պատմում է, թե ինչպես են իրենց տեղահանել և ինչպիսի վայրագություններ են կատարել թուրքերը:
Հոդվածում նշվում է երիտթուրքերի երեք ղեկավարների' Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաների հրամանով Ստամբուլից հայ մտավորականներին արտաքսելու և նրանցից շատերին սպանելու, հայերին տեղահանելու, հայկական գյուղերի այրելու, ոչնչացնելու մասին:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանվում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: