Հոլանդիայի խորհրդարանական ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) հայտարարել է, որ իրենք փաստաթղթեր ունեն, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) բեռնատարներով զենք է ուղարկել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին: CDA-ն հայտարարել է, որ այդ փաստաթղթերը հանձնել է Հոլանդիայի կառավարությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

 

CDA-ի պատգամավոր Ռայմոնդ Կնոպսը հոլանդական կառավարությանը մեղադրել է «ջայլամի քաղաքականություն» տանելու մեջ: Հոլանդացի խորհրդարանական Փիեթեր Օմթզիգտը ԶԼՄ-ներին հայտնել է, որ իրենց ձեռք բերած փաստաթղթերը Հոլանդիայի անվտանգության եւ արդարադատության նախարար Իվո Պոսթելտենին եւ ազգային անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի կոորդինատոր (NCTV) Դիք Շոոֆին են հանձնել նոյեմբերին:

 

BBC-ի թուրքական ծառայությունը հայտնել է, որ այդ փաստաթղթերում հղումներ կան Թուրքիայի հանրապետական դատախազությանը, MIT-ին եւ ժանդարմերիային: Փաստաթղթի' դատախազությանը վերաբերվող մասում նշված է Ադանայի նախկին նահանգապետ Հուսեին Ավնի Ջոշունի այն խոստովանությունը, որ MIT-ի բեռնատարները Սիրիա զենք եւ սպառազինություն են ուղարկել Թուրքիայի վարչապետի հանձնարարությամբ:

 

Հոլանդիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Ռայմոնդ Կնոպսը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերլուծական աջակցային կոմիտեի զեկույցում եւս նշվում է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» եւ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումների մարտիկների ձեռքում գտնվող զենքերի եւ սպառազինության մեծ մասը գաղտնաբար Սիրիա է ուղարկվել Թուրքիայի տարածքով: Կնոպսը ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ այդ տեղեկությունը հաստատել է նաեւ Իրաքում ՄԱԿ-ի լիազորությունների առաքելությունն իրագործող UNAME կազմակերպությունը: