Լիբիայի անցումային կառավարության վարչապետ Աբդալլա աթ-Թանին Թուրքիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու եւ ընդդիմությանը զենք մատակարարելու մեջ: Ավելի վաղ լիբիական իշխանությունները արգելել էին երկրում թուրքական ընկերությունների գործունեությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Թուրքիան ժխտել է լիբիական ընդդիմությունը զինելու մեղադրանքները:

 

Անկարայի կողմից լիբիական ապստամբներին զինելու մասին Լիբիայի իշխանությունների պնդումները ժխտելու հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

 

«Դա միանգամայն թյուր պնդում է: Թուրքիան երբեք զենք չի մատակարարել Լիբիա», -երեկ հայտարարել է Չավուշօղլուն Մալթա կատարած այցին կազմակերպված մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ Թուրքիան պաշտպանում է Լիբիայում կրակի դադարեցումը, եւ լիբիական հակամարտությանը դրսից ռազմական միջամտությունը «վտանգավոր է»:

 

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի' 2011 թվականին զինված հակամարտության ժամանակ տապալումից եւ սպանությունից հետո այդ երկրում ծագած ճգնաժամի հետեւանքով քաղաքական հրապարակում հակամարտում են բանակի կողմից պաշտպանվող ազատական ուժերը եւ իսլամական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց պաշտպանում են նախկին ապստամբների խմբավորումները: