Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Ղրիմի պետական խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Ֆայնգոլդը հրազենային երկու վնասվածք է ստացել միջանձնային ընդհարման պատճառով: Այս մասին հայտնել է «Крыминформ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Սիմֆերոպոլ քաղաքի բարերից մեկում անհայտ այցելուն վիճաբանության ժամանակ երկու անգամ կրակել է 25-ամյա Ֆայնգոլդի վրա. գնդակը դիպչել է նրա նախաբազուկին: Տուժած պատգամավորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆայնգոլդի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է միջադեպի իրողությունը:
Ղրիմի ներքին գործերի նախարարությունում միջադեպը պաշտոնապես չի մեկնաբանվել: