«Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհավորում է հայ ժողովրդին բանակի տոնի կապակցությամբ՝ համարելով, որ այն մեր ամենամեծ, ամենակարևոր տոներից է, իսկ բանակը մեր 21 տարեկան զավակն է:

«Մեր զավակն է, բայց նաև մեր տերն է, մեր պահապանն է, Հայաստանի, Արցախի անվտանգության երաշխավորն է: Բանակը' մեր զավակին մենք պետք է փայփայենք, գուրգուրենք»,- Եռաբլուր պանթեոնում Tert.am–ին ասաց Մանվել Գրիգորյանը։

«Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին' փոքրից մեծ, մեր սահմանապահ ժողովրդին եմ շնորհավորում, մեր սահմանը պաշտպանող զինվորներին' շարքայինից մինչև բարձրաստիճան սպաներ, պաշտպանության նախարարին եմ շնորհավորում, մեր Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին եմ սրտանց շնորհավորում: Շնորհավորում եմ հերոսներ ծնած հերոս մայրերին, մեր քույրերին»:

Վերջինս հավելեց, որ ամեն մի հայ պետք է իր ուժերի ներածին չափով ներդրում ունենա բանակի զորեղացման գործում, քանի որ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ առանց ուժեղ բանակի չենք կարող գիշերները հանգիստ քնել:

Գեներալը հավելեց, որ այս տարին հոբելյանական է «Երկրապահ» կամավորականների միության համար, քանի որ այն նշելու է իր և 5-րդ բրիգադի 20-ամյակները:

«Բանակի հիմքը, բոլորը գիտեն, երկրապահ ջոկատներն են եղել: Կամավորականները, ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում, իրենց վրա վերցրին առաջին գծի ողջ ծանրությունը' հնարավորություն տալով, որպեսզի ձևավորվի կանոնավոր բանակը»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ բանակի կորիզը կամավորական ջոկատներն էին, իսկ Հայոց բանակի առաջին ղեկավարը՝ Վազգեն Սարգսյանը:

«Ես սպարապետին և մեր մյուս նահատակ ընկերներին եմ շնորհավորում Բանակի տոնի կապակցությամբ: Սպարապետն իմաստուն էր, գիտեր, որ դեռ երկար տասնամյակներ բանակը երկրապահ պահեստայինների կարիքն զգալու է, այդ պատճառով էլ, դեռ ընթացող թեժ պատերազմի պայմաններում հիմնադիր համագումար կազմակերպեց, կառույցի տեսք տվեց «Երկրապահ» կամավորականների միությանը»,- ասաց ԵԿՄ նախագահը:

Ի պատասխան հարցի, թե այսօ՞ր էլ առկա է կապը ԵԿՄ-ի և բանակի միջև, Մանվել Գրիգորյանն ասաց.«Ինչպե՞ս կարող է չլինել: Մենք ստեղծել ենք երիտասարդ երկրապահ և պատանի երկրապահ ստորաբաժանումները: Այստեղ հազարավոր պատանիներ և երիտասարդներ ռազմահայրենասիրական դաստիարակություն են ստանում: Նրանք սովորում են մարտարվեստ, զենքին տիրապետել, հայոց պատմություն, հայրենաճանաչողություն»:

Ըստ Մանվել Գրիգորյանի՝ այս երիտասարդները զորակոչվում են բանակ իբրև լիարժեք կայացած հայ զինվոր:
Ի պատասխան հարցի, թե շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում մեր բանակը Մանվել Գրիգորյանի կարծիքով դեռ երկա՞ր կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անխախտությունը և արդյոք ժամանակը չէ՞, թեկուզ որոշակի փոխզիջումների գնով հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման, գեներալն ասաց, որ Հայկական բանակը մարտունակ է և որ Արցախի սահմանները գծվել են մեր լավագույն տղաների արյամբ:

«Ազատագրված տարածքները բուն հայկական հող են, որի ամեն մի քարի, ամեն մի թփի տակ հայի արյուն է հեղվել: Հայկական կողմը մեծագույն զիջումն արել է 1994-ի մայիսին' կնքելով հրադադարի պայմանագիր: Մենք խաղաղասեր ենք, քրիստոնյա, այդ պատճառով էլ կանգ առանք այն պահին, երբ թշնամին խուճապահար փախչում էր»,– ասաց նա:

«Մենք բավարարվեցինք ազատագրելով մեր հայրենիքի այնքան հատվածը, որն անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Իրական այդ երաշխիքը' մեր ազատագրած տարածքները, մենք չենք կարող փոխանակել թղթե խոստումներով: Այսօր Արցախը կայացած պետություն է, ունի դեմոկրատիայի ավելի բարձր մակարդակ, քան Ադրբեջանը: Եվ որևէ բանական արարած չի կարող պնդել, թե Արցախը պետք է ինչ-որ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինել»,– ավելացրեց Մանվել Գրիգորյանը:

Հիմա ՀՀ նախագահի նախընտրական քարոզարշավի փուլն է, հետաքրքիր է ճշգրտել ԵԿՄ դիրքորոշումն այդ հարցում: Այս առիթով Մանվել Գրիգորյանը հայտնեց, որ «Երկրապահն» իր պաշտոնական դիրքորոշումն է արտահայտել վարչության ընդլայնված նիստում ընդունված երկու մասանոց որոշմամբ:

Առաջին կետով ԵԿՄ–ն կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, իսկ 2-րդ մասով՝ քվեարկել ՀՀ գործող նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, «մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի օգտին»:

Հիշեցնենք, որ 2012-ի փետրվարի 18-ին անցկացված ԵԿՄ համագումարը որոշում ընդունեց, որ կառույցն աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին արտաքին քաղաքական և ներքաղաքական ոլորտներում:

«Մենք կարծում ենք, որ ազգի քվեն ունեցող, ուժեղ, օրինական նախագահն է, որ կարող է ազգանպաստ լուծում տալ բոլոր խնդիրներին: Նաև կարծում ենք, որ հենց Սերժ Սարգսյանն է այն գործիչը, որն ունակ է դրական լուծում տալ Հայաստան պետության, Արցախի Հանրապետության, հայ ազգի համար կարևոր բոլոր խնդիրներին: Նրա վճռականությունը մենք տեսել ենք դեռ պատերազմի ժամանակ' սկսած խրամատներից»,- եզրափակեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: