Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարում Է անհապաղ եռակողմ շփման խմբի եւ «նորմանդական ձեւաչափով» արտաքին գործերի նախարարների ու երկրների ղեկավարների նիստ գումարելու պատրաստակամության մասին՝ ապահովելու համար Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ մենք պատրաստ ենք անհապաղ եռակողմ շփման խմբի նիստ գումարել՝ «նորմանդական ձեւաչափով» արտաքին գործերի նախարարների նիստ անցկացնել, պատրաստ ենք «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողով անցկացնել Աստանայում կամ ցանկացած այլ վայրում՝ ապահովելու համար Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ժամանակացույցի ստորագրումը»,-ասել Է նա Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի հետ՝ հունվարի 19-ին Կիեւում կայացած հանդիպմանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հատուկ հայտարարությամբ դիմել է ուկրաինական հակամարտության կողմերին՝ պահանջելով կանգնեցնել բռնության հերթական ալիքը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Ես կոչ եմ անում կողմերին՝ անհապաղ իրենց ջանքերն ուղղորդել լարվածության թուլացմանը, պահպանել հրադադարի ռեժիմը եւ գործակցել ԵԱՀԿ-ի հետ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- հայտարարել է նա:
«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն ոչ թե մարտի դաշտում, այլ շփման խմբի կողմից»,- ընդգծել է Դաչիչը ուղերձում, որը հրապարակված է կազմակերպության կայքում:
Նա նաեւ «խստիվ դատապարտել է ուժի կիրառումը» եւ հորդորել է կողմերին «հանդես բերել առավելագույն զսպվածություն եւ ապահովել հրադադարի կայուն ռեժիմ»:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերին:
Նա կոչ է անում բոլոր կողմերին կատարելու Մինսկի արձանագրության եւ հուշագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները եւ, որպես առաջին քայլ, անհապաղ եւ ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները: