Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված' հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու ըստ այդմ համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների' ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Ստեղծեք աշխատանքային խումբ և ուսումնասիրեք նախորդ տարվա բողոքները: Հիշեցնեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով մեր համաքաղաքացիներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից մենք զրկել ենք նմանատիպ 39 օբյեկտի:

 

Նաև տեղեկացնեմ, որ մեր կողմից մշակվել և ներկայացվել է օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում», - ընդգծել է քաղաքապետը:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ: