ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հունվարի 20-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Այն գլխավորել է Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին:

 

Եվրախորհրդի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, և սա նրանց առաջին հանդիպումն է եղել ՏԿԱԻ նախարարի հետ: Ողջունելով հյուրերին' նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:

 

«Համոզված եմ, որ մենք միասին գնալու ենք առաջ: Ամսից քիչ ավելի է, ինչ նշանակվել եմ այս պաշտոնում, սակայն միշտ աշխատել եմ համայնքների հետ: Տեղյակ եմ, թե ինչ է արվել ինձանից առաջ, և վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները' հզորացնելով տեղական ինքնակառավարման մարմինները և ապակենտրոնացնելով կարողությունները: Համայնքների խոշորացումը մեր կարևոր խնդիրներից է, և այդ հարցը գտնվում է վարչապետի հսկողության ներքո:

 

ԵԽ պատվիրակության ղեկավար Ալֆոնսո Զարդին պատասխան խոսքում շեշտել է, որ ՀՀ կառավարության հետ կա երկարատև ու արդյունավետ համագործակցություն և հույս է հայտնել, որ այն շարունակական կլինի. «Երկար ժամանակ այստեղ աշխատելով և վերլուծելով իրականացված ծրագրերի արդյունքները' մենք կարծում ենք, որ հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է, և դրանց խոշորացումն ավելի արդյունավետ կդարձնի համայնքների կառավարումն ու զարգացումը»:

 

Համաձայնելով գործընկերոջ հետ և օրինակ բերելով «911» ծառայությունում սայլակավոր հաշմանդամներին աշխատանքի ընդունելու փորձը' ՏԿԱԻ նախարարը նշել է, որ Հայաստանի 915 համայնքից յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի' անձնապես պետք է հանդիպել համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, հաշվի առնել նրանց կարիքներն ու խնդիրները, ինչպես նաև արդեն իսկ իրականացվող պիլոտային ծրագրերի ու ներդրումների միջոցով ցույց տալ, որ համայնքների խոշորացումը զարգացման տեսակետից ճիշտ ու շահավետ տարբերակ է:

 

Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացված ծրագրերից հետո անցկացնել նաև արդյունքների մոնիթորինգ, ինչը շատ բարձր է գնահատվում և վկայում կառուցողական փոխգործակցության մասին: