ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գյումրեցիներին վստահեցրեց, որ արվել են բոլոր հնարավոր ու անհնար թվացող գործողությունները՝ փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկելու համար, բայց, ավաղ, հնարավոր չեղավ փրկել նրան: Այս մասին հունվարի 20-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի համար կատարվող հոգեհանգստի կարգից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նախարարը:

 

«Յոթ օր ու յոթ գիշեր պայքար է եղել մեր փոքրիկի համար: Աշխարհի բոլոր լուրջ բժշկական կենտրոնները միավորվել էին, այդ թվում' մեր ռուս գործընկերներն ու հայաստանցի առաջատար բոլոր բժիշկները, բայց այդ՝ յոթ օր ու յոթ գիշերվա պայքարի ընթացքում չհաջողվեց կայունացնել վիճակը: Մենք բոլորս, կարող եմ ասել, որ ոչ միայն սգում ենք, այլ նաև շատ անձնավորված ենք ընդունել այս կորուստը»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարն' ավելացնելով, որ արդարությունը պետք է լինի անխուսափելի եւ լիարժեք:

 

«Ոչ որպես ՀՀ քաղաքացի, այլ նաև մարդ՝ խորապես սգում եմ մեր ժողովրդի հետ միասին, եւ կարծում եմ, որ արդարադատությունը պետք է լինի անխուսափելի եւ լիարժեք»,- ավելացրեց Արմեն Մուրադյանը:

 

Արմենուհի Մխոյան