Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի գլխավոր խորհրդի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության հուշագրի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրադ» տուրիստական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մարտին Շալինյեին եւ Սեբաստիան Ֆավեյեին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզի տուրիզմի ոլորտի զարգացման հետ առնչվող մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը վերաբերում է Գեղարքունիքի մարզ մտնող երեք ուղղություններում նոր, ավելի գրավիչ ցուցանակների տեղադրմանը, որի գաղափարն ու էսքիզն առաջարկել է ֆրանսիական կողմը: Դրականորեն արձագանքելով ֆրանսիական կողմի առաջարկին՝ մարզպետը միաժամանակ նշեց, որ երեք կողմերից Գեղարքունիքի մարզ մտնող ճանապարհներին տեղադրած հին ցուցանակները նորերով փոխարինելու գործընթացը պետք է անցնի օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը: «Խնդիրը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն եւ քննարկումներ կառավարական համապատասխան գերատեսչությունների հետ: Մարզի մուտքերի ցուցանակների փոխարինումը մի գործընթաց է, որտեղ պետք է հաշվի առնվեն մեր օրենքների բոլոր պահանջները: Այն պետք է լինի նպատակային եւ արդարացված: Դրա համար, ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ստանալու դեպքում, հարկավոր է պատվիրել նախագիծ, կատարել ճարտարապետի եւ դիզայնի ընտրություն, ինչի համաÖ € որոշակի ժամանակ է հարկավոր»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Երկրորդ խնդիրը վերաբերում էր Սեւանի թերակղզու տարածքում Գեղարքունիքի մարզի գրավչությունները ներկայացնող շարժական տուրիստական գրասենյակի բացմանը:»Ցանկալի կլինի, որ այն բացվի եւ գործի այս տարվա տուրիստական սեզոնի սկզբից, չորս ամիս աշխատի առանց ընդհատումների եւ ունենա հաստիքային աշխատող»,-առաջարկեց Մարտին Շալինյեն: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ Սեւանի քաղաքապետարանի հետ կարգավորվում են ինչպես տարածքի հատկացման, այնպես էլ տեխնիկական մյուս հարցերը:»Մենք նախեւառաջ տուրիզմի ոլորտում պետք է խորացնենք Եեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը, ապա այն ընդլայնենք ու զարգացնենք արդեն մարզերի մակարդակով, ինչի համար ունենք համապատասխան ծրագրեր, կատարված քայլեր, որոնք պետք է համատեղ առաջ տանենք»,-հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Ֆրանսիական «Աֆրադ» կազմակերպության ներկայացուցիների առաջ քաշած երրորդ խնդիրը վերաբերում էր 2012 թվականին նույն կազմակերպության կողմից հրատարակած «Գեղարքունիքի մարզի ուղեցույցի» վերամշակմանը եւ առցանց տեղադրմանը, որի իրականացման համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարական: