Հունաստանում հունվարի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ' այդ երկրում Հայ դատի հանձնախումբը հանդիպել է հույն քաղաքական գործիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքէջը, «Նոր Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված թեկնածու Եորղոս Քումուցաքոսի հետ հայդատականները քննարկել են հայ գաղութի կառույցներին ու գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև' դպրոցական, կրթական համակարգի խնդիրներ:

 

Պատգամավորի թեկնածուին են ներկայացվել նաև հայ պահանջատիրության դրույթները և Արցախի հակամարտության հարցի մանրամասները, Ադրբեջանի ագրեսիվ հարձակողական ռազմավարությունը:

 

Ավելի վաղ' Հունաստանի «Սիրիզա» կուսակցության թեկնածու Զոի Գոնսթանտոփուլուի հետ հանդիպմանը Հ.Յ.Դ. «Արամ Մանուկյան» կոմիտեն հատուկ շեշտել է հունական պետության շարունակական աջակցության անհրաժեշտությունը համայնքի կրթական և քաղաքական աշխատանքներին: Գոնստանտոփուլուն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես ուշադրության կենտրոնում պահել համայնքին հուզող հարցերը:

 

Հունաստանի Հայ դատի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև «Նոր Հանրապետություն» կուսակցության թեկնածու Ֆաիլոս Քրանիտիոթիսի և «Սիրիզա» կուսակցության թեկնածու Փանաեոթիս Քուրուփլիսի հետ' քննարկելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող հարցեր: