ԱՄՆ Նևադա նահանգի Կլարկ վարչական շրջանի «Մայրամուտ» զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Նևադայի հանրային ռադիոյի կայքը, հուշարձանի կառուցման բոլոր ծախսերը' մոտ 120 հազար ԱՄՆ դոլար, հոգալու է Հայ-ամերիկյան ընկերակցությունը (Armenian American Society): «Մենք հայ համայնքը ներկայացնող մոտ հիսուն բնակիչ ունենք, ովքեր նման խնդրանքով մասնակցել են մեր վարչական շրջանի հանձնաժողովի հանդիպումներին»,- ասել է հանձնաժողովի անդամ Մերի Բեթ Սքոուն:

 

Հուշարձանը այն պատմական իրադարձությունների կարևոր հիշեցումը կլինի, որոնք ոչ ոք չի ցանկանում, որ կրկնվեն: «2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է Հայ-ամերիկյան ընկերակցության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը: