Հունաստանի Նեա Զմյուռնիա քաղաքի կենտրոնական «Կարիլու» հրապարակում այս տարի սեպտեմբերին կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է Նեա Զմյուռնիայի քաղաքապետ Սթավրոս Ծուլաքիսի եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նեա Զմյուռնիայի քաղաքապետ Սթավրոս Ծուլաքիսը եւ քաղաքապետարանի եւս հինգ անդամներ «Արամ Մանուկյան» ակումբում հանդիպել են հունահայ համայնքի ներկայացուցիչներին:
Ակումբում ներկայացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքը, որոնք պետք է անցկացվեն Նեա Զմյուռնիայում: Մասնավորապես, մշակութային մի ջոցառումները կմեկնարկեն գարնանը եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Սեպտեմբերին քաղաքի «Կարիլու» հրապարակում կկայանա Հայոց ցեղասպանության հուշարձանի բացման արարողությունը: Նույն ամսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Հունաստանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միացյալ հանձնախումբը կկազմակերպի Զմյուռնիայի աղետի վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն: