Եկող շաբաթ հայտնի կդառնա Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի գծով նոր համազեկուցողի անունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Թրենդ»-ին հայտնել է համազեկուցող Ջոզեֆ Դեբոնո Գրեխը (Մալթա):

 

Նրա խոսքով' թեկնածուի անունը հայտնի կդառնա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում, որը կանցկացվի հունվարի 26-30-ն Ստրասբուրգում: Համազեկուցող Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) նոր տարում կշարունակի իր աշխատանքը:

 

Ջոզեֆ Դեբոնո Գրեխի լիազորությունները, ով այդ պաշտոնում աշխատել էր 5 տարի, ավարտվել են անցյալ տարվա նոյեմբերին:

 

ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Գրեխն ու Ագրամունտը հայտնի են իրենց ադրբեջանամետ կեցվածքով, եւ այդ երկրի հետ կապված ապակողմնորոշիչ եւ ոչ օբյեկտիվ զեկույցներով: Իրենց պաշտոնավարման տարիներին նրանք Ադրբեջանում կեղծված եւ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից բացասական գնահատված բոլոր ընտրությունները ներկայացրել են որպես միջազգային չափանիշներին «համապատասխանող»: