Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը կարող է վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց. «Սահմանին իրավիճակը լարված է, սակայն ես չեմ կարծում, որ այս ամեն ը կարող է վերածվել պատերազմի: Ուղղակի, Ադրբեջանը, ինչպես նախորդ տարվա հունվարին, այս տարի էլ փորձում է լարված պահել իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն առաջիկայում էլ փորձելու է լարվածություն ստեղծել սահմանին և ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը լիարժեքորեն կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը: «Ցավալի է, որ մենք ունենում ենք կորուստներ, սակայն պետք է գիտակցենք, որ չի կարող լինել վերջնական խաղաղություն, քանի դեռ չի կնքվել մշտական խաղաղության պայմանագիր»,- ընդգծեց նա:
Շարմազանովը նկատեց, որ Ադրբեջանը լկտիորեն շարունակում է մերժել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն կեղծում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը: Եթե նայում եք ադրբեջանական պաշտոնական լրատվությունը և գերմանական պաշտոնական հրապարակումները, ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտ կեղծել են Գերմանիայի կանցլերի խոսքերը»,-մանրամասնեց Շարմազանովը:
Նրա գնահատմամբ՝ այս պահին Հայաստանի Հանրապետության համար թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգության հարցը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ՀՀ զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը լիովին ունակ են ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: