ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանն, ամփոփելով ծառայության 2014 թվականի գործունեության արդյունքները, հայտնել է, որ անցյալ տարի հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով բյուջե է մուտքագրվել 30 մլրդ 72 մլն դրամ, որը պլանավորված 30 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցել է 0.2 %-ով:

 

Ինչպե ս հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Karabakh-open.info-ն, հարկային եկամուտների եւ տուրքերի 68.5 %-ը ապահովել են խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողները, 15.5 % -ը' Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունում եւ 16 %-ը' մնացած 7 շրջանների հարկային տեսչություններում հաշվառված հարկ վճարողները:

 

«Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով մուտքերն աճել են 3 մլրդ 831 մլն դրամով»,- նշել է Արտակ Բալայանը:

 

Հարկային մարմինը տարվա ընթացքում իրականացրել է 203 ընդհանուր բնույթի ստուգում։ Կատարված ստուգումներով բյուջե մուտքագրված գումարները կազմել են 801 մլն դրամ' նախորդ տարվա 629 մլն դրամի դիմաց, իսկ ընթացիկ եւ նախորդ տարիներին կատարված բոլոր ստուգումների մասով բյուջե է մուտքագրվել 1 մլրդ 114 մլն դրամ' նախորդ տարվա 1 մլրդ 28 մլն դրամի դիմաց: