Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, «Բաց հասարակություն» հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել վերջինիս դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտարարություն է արել Սորոսի հիմնադրամը:
Հայտարարության մեջ ընդգծվում է անհանգստությունն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող գործողությունների ինտենսիվացման, ինչպես նաև տարբեր ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված: «Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է տասնյակ քաղաքական ակտիվիստի, իրավապաշտպանի և իրավաբանի, նրանց դեմ ներկայացվել են տարատեսակ մեղադրանքներ' գումարների յուրացումից մինչև պետական դավաճանություն: Նրանցից ոմանք պատժվել են երկարատև բանտային կալանքի»,- նշվում է հայտարարության մեջ, որտեղ հիշատակվում են Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլովայի անունները:
Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ թիրախավորվել է անգամ «Բաց հասարակություն» հիմնադրամը, ում աշխատակիցները հարցաքննվել են, համակարգչները քննվել: Հիմնադրամը հերքել է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: