ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած հերթական այցից հետո համատեղ հայտարարություն են տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկի հետ նախ այցելել են Բաքու, ապա Երևան: Անձնակա ն խնդիրների պատճառով տարածաշրջանային այցին չի մասնակցել ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, թեպետ հանդիպումներում Միացյալ Նահանգների ներկայությունն ապահովված է եղել:

 

Բաքվում և Երևանում ունեցած հանդիպումների ժամանակ համանախագահները քննարկել են այս ամիս Փարիզում կայանալիք նախագահների հանդիպման նախապատրաստությունները: Հիշատակելով Սոչիում և Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները' համանախագահները նշել են, որ սահմանային շրջանում ու շփման գծում ամռանն առկա լարվածությունը կայունացել է: Նրանք հույս են հայտնել, որ հրադադարի խախտման վերջին դեպքերը չեն լարի իրավիճակը:

 

Նախագահների հետ հանդիպումներից բացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտորդական առաքելություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Երկու կողմում էլ նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաներին և հրամանատարներին անվտանգության պայմանների վերաբերյալ կարճ տեղեկություն ստանալու համար: Համանախագահները կոչ են արել կողմերին քայլեր ձեռնարկել լարվածության թոթափման և մասնավորապես քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունից խուսափելու համար: