ՀՀ նոտարական պալատում հունվարի 23-ին ներկայացվեց «Էլեկտրոնային նոտար» համակարգը: Համակարգի ներդրման հիմնական և կարևորագույն նպատակը պետության կողմից մատուցվող ծառայությունների առցանց և մեկ պատուհանի սկզբունքով իրականացումն է:

 

ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ 2012 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանում «Էլէկտրոնային նոտար» համակարգի ներդրման հայեցակարգին:

 

«ՀՀ-ում մեկնարկած դատաիրավական բարեփոխումների և Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ-ՀՀ համատեղ ծրագրի ֆինանսավորման շրջանակում հայեցակարգի ներդրման համար Հայաստանի կառավարության կողմից մշակվել է միջոցառումների ցանկ, որի շնորհիվ էլ «Էլեկտրոնային նոտար» համակարգն արդյունավետորեն մտել է նոտարական գործողությունների իրականացման գործնական դաշտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հարությունյանը:

 

Համակարգն առաջին անգամ գործնականորեն կիրառվել է 2012 թվականի երկրորդ եռամսյակում: Մեկնարկից 6 ամիս անց այն գործարկվել է տասը նոտարական հիմնարկներում: Արդեն 2014 թվականի առաջին եռամսյակից «Էլեկտրոնային նոտար» համակարգն ամբողջությամբ գործարկվել է Հայաստանի ողջ տարածքում և կարճ ժամանակում տեսանելի արդյունք տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:

 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ համակարգի ներդրմամբ նպատակ էր առաջ քաշվել ծառայություն իրականացնել մեկ պատուհանի սկզբունքով:

 

«Փոփոխությունները նոտարական համակարգում պետք է ուղղված լինեին քաղաքացուն առավել արդյունավետ ծառայություններ մատուցելուն: Հայաստանը հստակ քայլ արեց և ձեռնամուխ եղավ էականորեն որակապես նոր նոտարիատ ստեղծելու, նոտար ունենալու աշխատանքների հարցում: Աշխատանքները շատ ծանր են եղել, սկսվել շատ վաղուց և իրականացվել հետևողական կերպով: Այսօր փաստ է, որ ՀՀ նոտարական համակարգն աշխատում և գործում է էլեկտրոնային կառավարման համակարգով, որը բազմաթիվ առավելություններ ունի»,-նշեց Արսեն Մկրտչյանը:

 

ՀՀ արդարադատության նախարարության և նոտարական պալատի կողմից համատեղ նոտարների և գրասենյակի աշխատակիցների համար երկու փուլով կազմակերպվել են «Էլեկտրոնային նոտար» համակարգի դասընթացներ:

 

Ծրագիրն իրականացվում է Aenis համակարգի միջոցով: Համակարգի և համապատասխան ծրագրերի օգնությամբ նոտարը հնարավորություն է ստանում նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով՝ զերծ պահելով դիմորդին այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու պարտականությունից:

 

Համակարգի մյուս առավելությունը նոտարի և համապատասխան պետական մարմինների միջև առցանց կապի ստեղծումն է, որի շնորհիվ նոտարը կարողանում է գրասենյակից կատարել նաև գործառույթներ՝ էականորեն կրճատելով հ անրությանը մատուցվող ծառայությունների ժամանակահատվածը: