Եմենի խորհրդարանը չի ընդունել Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի և վարչապետ Խալիդ Մահֆուզ Բահահի հրաժարականը: Պատգամավորները նման որոշում էին ընդունել շիա ապստամբների՝ հոուշիների հետ համաձայնության գալուց մեկ օր հետո: Նախագահը հրաժարականը ներկայացրել է խորհրդարանի նախագահ Յահյա Ալի առ Ռային:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մինչ այդ կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Նախագահին՝ պատճառաբանեով, որ չի ցանկանում ներգրավվել ոչ կառուցողական քաղաքական խաղում:

 

Եմենի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ շիա ապստամբները ողջունել են Նախագահի քայլը՝ նշելով, որ երկիրն անվտանգության, կայունության և բարգավաճման ուղու վրա է:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և շիա ապստամբները համաձայնության են եկել, համաձայն որի՝ պետք է փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ, և շիաները պետք է պաշտոններ զբաղեցնեն պետական կառույցներում:

 

Եմենի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ' երկու օր տևած բախումների հետևանքով զոհվել էր 35 և վիրավորվել 94 մարդ: Զոհերից 4-ը խաղաղ բնակիչներ են:

 

Օգոստոսին շիա ապստամբները երկրի տարբեր հատվածներում հանրահավաքներ էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին բենզինի թանկացման մասին: Մեկ ամիս անց բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և շիաների մեիջև, ինչի արդյունքում շիաներին հաջողվել էր գրավել մայրաքաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում' պետական մարմինների շենքեր: