Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ բնակչության, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատա նքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել:

 

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը կուտակվում է չնախատեսված վայրերում, դատարկ աղբարկղերի կողքին: «Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար:

 

Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: