Վրաստանում հունվարի 15-ից ուժի մեջ Է մտել Թափոնների կառավարման օրենսգիրքը, որի համաձայն խստացված Է փողոցում մաքրության պահպմանման վերահսկողությունը եւ աճել են չնախատեսված վայրում աղբ թափելու տուգանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Փողոցում մաքրության պահպանմանը կհետեւի պարեկային ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում՝ տեղական իշխանությունների եւ Վրաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ մեկտեղ:
Նվազագույն տուգանքը՝ 50 լարի (շուրջ 26 դոլար), նախատեսված Է շների կամ ընտանի այլ կենդանիների կղանքով տարածքի աղտոտման դեպքում, եթե կենդանու տերն անմիջապես չի մաքրում տարածքը:
Ֆիզիկական անձանց համար առավելագույն տուգանքը սահմանված Է 500 լարիի (շուրջ 263 դոլարի) չափով:
Շրջակա միջավայրը մինչեւ 2 կիլոգրամ աղբով աղտոտելու համար իրավազանցն ստիպված կլինի վճարել 80 լարի (շուրջ 42 դոլար), իսկ եթե աղբը նետել են անմիջապես շենքից՝ 100 լարի (շուրջ 52,6 դոլար): Նույն տուգանքն Է սահմանված չնախատեսված վայրում մարտկոցների, կուտակիչների, Էլեկտրական լամպերի, Էլեկտրատեխնիկայի, ինչպես նաեւ սուր, ծակող առարկաների, ապակու բեկորների եւ նման նյութերի նետման համար: Ավելի քան 1 խորանարդ մետր շինանյութեր թափելու համար տուգանքը 200 լարի Է:
Ավտոմոբիլից կամ հասարակական տրանսպորտից աղբի նետման համար իրավախախտը կտուգանվի 120 լարիով (շուրջ 63 դոլարով):