Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին այս շաբաթ առաջին աշխատանքային այցով կուղեւորվի ԱՄՆ, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այդ մասին հայտնել Է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
«Հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 4-ը ներառյալ պլանավորված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին աշխատանքային այցը ԱՄՆ: Արեւելյան Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ձեւաչափով պլանավորված Է տիկին Թամարայի հանդիպումը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Հանդիպումներ են ծրագրված նաեւ Ամերիկայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ»,-հայտնել Է Կերեսելիձեն:
Բացի այդ, Բերուչաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ-ի ազդեցիկ հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ: «Հանդիպումների գլխավոր թեման կլինի Վրաստանի անվտանգության միջավայրը, մեր երկրի մարտահրավերները, Վրաստանի ու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության ուղղությունները եւ համագործակցության խորացման հարցերը, «Արեւելյան գործընկերության»՝ այս տարվա մայիսին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը, Վրաստանի ժողովրդավարացման գործընթացը»,-նշել Է Կերեսելիձեն:
Ուղեւորության շրջանակներում Բերուչաշվիլին հունվարի 30-ին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի «Անդրատլանտյան ռազմավարություն Արեւելյան Եվրոպայի համար» խորհրդաժողովում, ինչպես նաեւ կմասնակցի այն բանավեճերին, որոնք պլանավորված են Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: