«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պահանջել է Հորդանանի բանտերից ազատ արձակել 27 ահաբեկիչների՝ դրա փոխարեն խոստանալով ազատ արձակել ճապոնացի գերի Կենձի Գոտոյին և Հորդանանի օդային ուժերի օդաչուին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ճապոնական TBS հեռուստաալիքը: Նրա տեղեկացմամբ, ԻՊ-ը Հորդանանի իշխանություններին է հանձնել 27 ահաբեկիչների ցուցակը, որոնց մեծամասնությունը ահաբեկչության համար արժանացել են մահվան դատավճռի:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում ծայրահեղականները տեսանյութ էին տարածել ճապոնացի գերիներ Կենձի Գոտոյի և Հարունա Յուկավայի մասին, որոնց սպառնացել են սպանել, եթե Ճապոնիայի կառավարությունը 72 ժամվա ընթացքում չվճարի փրկագին 200 միլիոն դոլարի չափով: Ժամկետը լրանալուց հետո համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ տեղեկացվել է Յուկավայի սպանության մասին:

 

Ահաբեկիչները փոխել են իրենց պահանջը՝ պնդելով ազատ արձակել մահվան դատավճռի ենթարկված ահաբեկչուհի Սաջիդա առ Ռիշավիին:

 

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրամայել է ակտիվացնել խորհրդատվությունները Հորդանանի հետ հնարավոր փոխանակման համար: