Մի շարք հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ պնդում են, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով ենթակա է պատժի կրումից ազատման:

 

«Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով: Սողոմոն Քոչարյանը սրտի իշեմիկ հիվանդությամբ ենթակա է պատժից ազատման: Այդպես է սահմանված ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ սահմանված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը. 28-րդ կետում նշված են սրտի հիվանդությունները' արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ, իսկ 4-րդ մասում նշված է սրտի իշեմիկ հիվանդությունը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ օգոստոսի 24-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց «Հետք» կայքի լրագրող Զարուհի Մեջլումյանը' հավելելով, որ Սողոմոն Քոչարյանի մայրը բոլոր ԶԼՄ-երի միջոցով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին' որդուն ազատելու խնդրանքով:

 

Նա նկատեց, որ անցած տարի հուլիսին հանդիպել է Սողոմոն Քոչարյանի հետ, իսկ նրա հետ կապված քրեական գործով սկսվել է հետաքրքրվել 2010 թվականից, երբ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը փախուստի էին դիմել:

 

Իր հերթին «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նկատեց, որ առավոտից իրեն զանգահարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը' հայտնելով, որ արդեն սկսվել է Սողոմոն Քոչարյանի ազատման գործընթացը: «Ներկա դրությամբ' ՀՀ-ում առկա 104 ցմահ դատապարտյալներից շատերի քրեական գործերը պետք է վերանայվեն, քանի որ իրականում ապացույցները շատ քիչ են: Հիմնականում դատավճիռները կայացվել են ինքնախոստովանանքների հիման վրա, ինչն անընդունելի է», -ընդգծեց նա:

 

Լուսանկարը՝ Hetq.am