Քննչական խումբը քնննարկում է բազում վարկածներ: Մեկ-երկուսը ձեր մտքով է անցնում, այնտեղ այնքան վարկածներ են քննարկվում: Քննությունն իրենից հենց դա է ենթադրում: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնելով Գյումրիում կատարված ողբերգական դեպքերին:

 

«Շատ ժամանակ լինում են վարկածներ, որոնք անհավանական են թվում համամարդկային այս տրամաբանության մեջ»,- նշեց ոստիկանապետը:

 

«Այս պրոցեսի ժամանակ ենթադրություններով խոսելով՝ մենք ինքներս ինչ-որ մի բան խառնում ենք՝ չհասկանալով դա: Դա նույն պատմությունն է, ինչ սկզբնական ժամանակահատվածում, երբ մենք զբաղված էինք որոնողական աշխատանքներով և հարյուրավոր զանգեր, բամբասանքներ, երևակայություններ էին լինում՝ բացարձակապես ոչնչի հետ կապ չունեցող, և ոստիկանությունն էլ ստիպված էր լինում սպառել իր էներգիան, ուժերը դրա վրա: Հիմա նույնպես շարունակվում է: Մեկ-երկու օր առաջ էլ ասում էին, թե 6 զինվոր է ավտոմատներով փախչել Գյումրիի զորամասից: Չի կարելի այդպես անել և չի կարելի հանսդուրժել այպիսի բան: Դա ոչ միայն գործի վրա է ազդում, դա մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա է ազդում»,- նշեց Վլադիմիր Գասպարյանը:

 

Անդրադառնալով հանրությանն իրազեկելուն՝ ոստիկանապետն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ քննությունը ձեզ պետք է 15 րոպեն մեկ հաշվելու լինի: Հանրության հասկանալու համար, որպեսզի հանրությունը չընկնի տարակուսանքների, ամենատարբեր մեկնաբանությունների մեջ, պետք է սպասել քննչական խմբի աշխատանքին, քննությանը և ընթացքում, ժամանակ առ ժամանակ թույլատրելի պահերով իրազեկում կլինի հասարակությանը»,- նշեց նա՝ հորդորելով չընկնել էմոցիաների և բամբասանքների հետևից, որովհետև դրանք ոչ ոքի օգուտ չեն բերում: