Կառավարության շենքի առջև լարված մթնոլորտում շարունակվում է Երևանի տոնավաճառների աշխատակիցների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան, ովքեր պայքարում են փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի և ի նշան բողոքի՝ նրանցից շատերը նստել են գետնին: Նրանք սուլում են և բղավում եմ «Կասեցում, կասեցում»:
Ի պատասխան ցուցարարների պահանջի՝ կառավարությունից ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու եկավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և ասաց, որ 15 մարդ կարող է բարձրանալ կառավարություն և բանակցել:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:
Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից և ԱԺ-ում քննարկումներից հետո աղմուկ հանած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները գործածության մեջ պետք է մտնեն փետրվարի 1-ից: