Ծիծեռնակաբերդում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացրած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համահայկական Հռչակագիրը շատ կարեւոր քայլ է եւ հարյուրամյակի հանգրվանից հետո սպասվող օրակարգն ու մոտեցումներն է ներկայացնում: Տեսակետը'«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Բեքարյանը կարեւորում է այն փաստը, որ հռչակագրում կա նաեւ անդրադարձ ապագա սերունդներին եւ դա տալիս է առիթ մտածելու, որ խնդիրը հարյուրերորդ տարելիցով չի ավարտվելու:
«Հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ: Սրանք այն չորս հենասյուներն են, որոնք ամփոփված են հռչակագրում: Մի քանի բավական հստակեցված կետերը շատ դիպուկ կերպով ներկայացնում եւ հստակեցնում են հայկական կողմի անելիքները: Պահանջների իրավական մակարդակի ներկայացնում< b>ն է անչափ կարեւոր: Եվ եթե իրավական փաթեթը պատշաճ մակարդակով պատրաստվի, ապա այն կլինի հարյուրամյակի ձեռքբերումներից մեկը»,- ասաց Կարեն Բեքարյանը: Նրա գնահատմամբ տարին անհանգիստ կլինի, Հայաստանը կլինի միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, ուշադրությունը մեր երկրի վրա կկենտրոնանա ապրիլին, երբ բազմաթիվ երկրների առաջին այրերը կայցելեն Երեւան: Այս պարագայում, Բեքարյանը շեշտում է, որ չպետք է զգոնությունը թուլացնել սահմանին: Քաղաքագետը վստահ է, որ Թուրքիան իր փոքր եղբոր միջոցով կփորձի շեղել միջազգային հանրության եւ նաեւ հայ հասարակության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:
«Տարին կլինի անհանգիստ սահմանին: Թուրքիան կշարունակի Ադրբեջանի միջոցով սադրանքներ կատարել' միջազգային հանրության եւ հայ հասարակության ուշադրությունը շեղելու Հայոց ցեղասպանության տարելիցից»,- ասաց Բեքարյանը' հավելելով, որ դրա ականատեսն ենք դեռեւս նախորդ տարվանից եւ Թուրքիայի այդ միտումը կշարունակի ամբողջ տարվա ընթացքում:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հունվարի 29-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: