Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հասնելու է արդի իսլամի (նուրսիստների) գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի ձերբակալությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով' Թուրքիայի համար կարեւոր է ոչ այնքան Գյուլենի արտահանձնումը, որքան նրա ձերբակալությունը: «Գյուլենի շարժման դեմ պայքարը Թուրքիայի ազգային քաղաքականություն է հանդիսանում», -ասել է նա:
Թուրքիայի առաջնորդը նաեւ ընդգծել է, որ Գյուլենի ձերբակալությունն ու արտահանձնումը խիստ կարեւոր է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի երկկողմանի հարաբերությունների համար:
Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների նկատմամբ աղմկալից կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ բնակվում է վերջինը 1998 թվականից: Գյուլենն իր հերթին դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: