Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Գյունդալիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի բողոքի վերաբերյալ որոշում է ընդունել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական դատարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն' «Ջաֆարովը Ադրբեջանի դեմ» գործով հիմվելով Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 3-րդ հոդվածի վրա (խոշտանգումների արգելք), ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Ադրբեջանը խախտել է Համաձայնագրի' «Ազատ արտահայտվելու եւ ապրելու իրավունք», «Արդարացի դատ չանցկացնելու» հոդվածները, եւ վճռել, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է 10 հազար եվրո վճարի Ուզեիր Ջաֆարովին բարոյական վնաս հաս ցնելու եւ 4 հազար եվրո' դատարանի ծախսերը փոխհատուցելու համար:
2007 թվականին վերոհիշյալ թերթերի թղթակից Ու. Ջաֆարովը դաժան ծեծի է ենթարկվել ադրբեջանական բանակում առկա խնդիրների, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից թաքցվող մարդկային մեծ կորուստների վերաբերյալ քննադատական հոդվածներ հրապարակելու համար: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հետաքննությունը մինչեւ վերջ չի տարվել, եւ ոչ ոք այդ հանցագործության համար չի պատժվել: Ոստիկանության անգործության դեմ Ու. Ջաֆարովի բողոքները դատարանների կողմից չեն բավարարվել, եւ այդ պատճառով նա դիմել է ՄԻԵԴ:
Ուզեիր Ջաֆարովը «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի (նախկինում' «Դոկտրինա») աշխատակից է: 2014 թվականին Եվրոպայում ստեղծված կառույցի նպատակը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զինված ուժերում իրավիճակի, տարվող ռազմական քաղաքականությունների վերլուծությունն է: