Հայաստանի կառավարությունը պատրաստվում է տեղաբաշխել նոր եվրապարտատոմսեր և այդ նպատակով հաստատեց միջազգային իրավախորհրդատուի և և գլխավոր տեղաբաշխողի հետ պայմանագրեր կնքելու մասին որոշումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել' արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Նրա խոսքով՝ միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորվել է բարենպաստ միջավայր արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխման համար, ընդ որում, հաշվի առնելով շուկայի տատանողականությունը, այդ հնարավորությունը կարող է լինել կարճաժամկետ:

 

Արձագանքելով՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ խիստ կարևոր է այս միջոցառումը: «Այն պետք չէ դիտարկել միայն փող բերելու տեսակետից: Այստեղ խոսքը գնում է միջազգային շուկաներից փող բերելու հնարավորությունների մասին է, մասնավորապես, կարող եմ տեղեկացնել, որ այս պահին ՀՀ պարտատոմսերը երկրորդային շուկայում ունեն բարենպաստ տոկոսային շեմ: Մենք 2013 թվականին եվրապարտատոմսերը տեղաբաշխել էինք 6 տոկոսով, այժմ ևս միջազգային շուկայում, երկրորդային շուկայում առևտուրը տեղի է ունենում այդ տոկոսի շրջանակներում: Երբ կարողանանք այս գումարները ներգրավել, դա նաև էական ազդակ կլինի»,- ասաց Գաբրիելյանը:

 

ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ կառավարությունը նախատեսում է նաև մի քանի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար ներդրողներ ներգրավել: Այս պարագայում, Գաբրիելյանի դիտարկմամբ, երբ ներդրողները տեսնեն վստահություն, որ ՀՀ կառավարությունն էականորեն հեշտ պայմաններով է ներգրավում միջազգային պարտք, դա ևս կխթանի տնտեսության արտասահմանյան ֆինանսավորման ներհոսքին:

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու, որը խորհրդատվություն կտրամադրի Եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում, կցուցաբերի տեխնիկական աջակցություն և կօժանդակի լավագույն ձևով Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը կազմակերպելու հարցում, և գլխավոր տեղաբաշխող(ներ), որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացնում է մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար, աջակցում է երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:

 

Ակնկալվում է, որ եվրապարտատոմսերի թողարկումից ստացվելիք միջոցները կուղղվեն նաև 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը: