Եվրամիության արտաքին գործերի նախարարների միջեւ խորանում Է պառակտումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում, ինչը հավաստել Է Եվրոպայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հունվարի 29-ին արտահերթ նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Financial Times-ը:
Հանդիպման ընթացքում եվրապաշտոնյաները ծրագրել Էին պատժամիջոցների վերաբերյալ մշակել գործողությունների միասնական պլան, սակայն չեն կարողացել լիովին իրականացնել նախատեսվածը:
«Բրյուսելում դիվանագետները հայտարարել են, որ ավելի ու ավելի Է դժվարանում Եվրամիության 28 անդամներով միասնական ճակատով հանդես գալը, մասնավորապես, վերջերս Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատճառով, որոնց արդյունքում իշխանության գլուխ են անցել ձախ քաղաքական ուժերը: Հունաստանի կառավարությունը հայտարարել Է, որ մտադիր Է կամրջի դեր խաղալ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ»,- ասված Է հոդվածում:
Financial Times-ի ձեւակերպմամբ թույլ եզրափակիչ փաստաթղթում Եվրոպայի նախարարները Եվրահանձնաժողովին հանձնարարել են կատարել այն բանի նախապատրաստական աշխատանքը, ինչը սահմանված Է որպես «անհրաժեշտ միջոցներ»: Ըստ որում եվրապաշտոնյաները չեն որոշել այդ աշխատանքի ավարտման ժամկետները: Այդ կապակցությամբ Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել Է, որ ԵՄ-ն փետրվարի 12-ին կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր Է հայտարարել, թե ինչպես Է հարկավոր մեկնաբանել Ռուսաստանի դեմ «անհրաժեշտ միջոցները», նշել Է հրատարակությունը:
Եվրամիությունն ակնհայտ դժվարություններ Է կրում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման հարցում: Այսպես, Հունաստանի արտաքին գործերի նոր նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել Է, որ Աթենքը կձգտի կանխել «խզումը Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ»: Մինչդեռ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսն, ընդհակառակը, կտրականապես արտահայտվել Է պատժամիջոցների խստացման օգտին, գրում Է Financial Times-ը:
Պետություններից մի քանիսը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Լեհաստանը, Ռումինիան, ինչպես նաեւ Մերձբալթիկայի երկրները, հայտարարել են հակառուսական միջոցների կիրառման ժամանակն ավելի հստակորեն որոշելու իրենց ցանկության մասին: Միեւնույն ժամանակ Ֆրանսիան, Իտալիան եւ, ավելի քիչ չափով, Գերմանիան ավելի զուսպ են եղել պատժամիջոցների խստացման հարցում, ասված Է հոդվածում:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ նախօրյակին Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների խորհուրդը հանձնարարել Է մշակել «ցանկացած լրացուցիչ գործողություններ»: Չի ճշտվել, թե ինչպիսին են լինելու դրանք՝ սահմանափակ, տնտեսական, կամ ուղղված են լինելու արդյոք Ռուսաստանի դեմ: Հունաստանի պահանջով Խորհրդի որոշումների տեքստից հանել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ արտահայտությունը: