Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր հիմնադրամ է հիմնել, որը անվանվել է «Հովակիմ 1461»: Անվանումը կապված է Պոլսո Հայոց պատրիարքարանում առաջին հայ պատրիարքի' Հովակիմ Պրուսացու, և նրա նշանակման տարեթվի' 1461 թվականի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը: Որոշումը կայացրել է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորած տասը հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդը:

 

Հիմնադրման մասին փաստաթղթում նշվում է, որ կառույցն իրավասու է լինելու կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ և այլ կրթական ծրագրեր, համաձայն պատրիարքարանի պահանջների հրատարակել գրքեր, ամսագրեր և թռուցիկներ, հայթայթել փաստաթղթեր, տեղեկություններ: Այն կարող է համագործակցել այլ հիմնադրամների հետ ևս: Որպես «Հովակիմ 1461» հիմնադրամի սեփականություն է նախանշվել Բեյքոզում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին պատկանող տունը: