Արարատի մարզի Մասիս քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառի արդյունքում մինչ օրս աշխատանքի է տեղավորվել 38 մարդ' «Գրին Լայն» ՍՊԸ-ում, «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ում, «Գարուն» կարի արտադրամասում, «Մասիս Տոբակո»-ում, եւ տարբեր ԱՁ-ներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, աշխատանքի տեղավորվածներից 12-ն աշխատանքի են անցել տոնավաճառին հաջորդող երկու օրվա ընթացքում, իսկ մնացյալ 26-ը' մինչեւ օրս: Նրանցից 33-ն աշխատանք են գտել առաջարկվող առկա աշխատատեղերից, իսկ հինգը' հեռանկարային:

 

Ավետիսյանի խոսքով, ենթադրվում է, որ առաջիկայում աշխատանքի տեղավորվածների թիվը կրկին կավելանա, քանի որ գործատուները 168 թափուր աշխատատեղերից բացի ներկայացրել էին նաեւ 46 կանխատեսվող աշխատատեղեր, որոնք պլանավորվում է, որ կազատվեն կամ կբացվեն առաջիկա ամիսների ընթացքում:

 

Արարատի մարզում անցկացված չորրորդ աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 33 գործատուներ' մարզի բոլոր տարածաշրջաններից' Արտաշատից, Արարատից, Մասիսից եւ Վեդիից: Աշխատանք փնտրելու նպատակով տոնավաճառին մասնակցել են ավելի քան 500 աշխատանք փնտրող, գործազուրկ եւ հաշմանդամ:

 

 

Լիլիթ Մաճկալյան