Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն' հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ:

 

Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:

 

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին' ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից և բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն:

 

Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարեց ոստիկանապետին' անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: