Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն կտրամադրի առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն:

 

ՀՀ միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհն օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին:

 

Գումարը կտրամադրվի փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 5-ի նիստի օրակարգում:

 

Ծրագիրն իրականացնելու համար Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկնման ծառայության կողմից 2015 թվականին Միգրացիոն պետական ծառայության դրամաշնորհային հաշվին փոխանցվելու է 57 մլն 896 հազ. դրամ: