Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ճյուղը՝ սննդամթերքի արտադրությունը, դինամիկ աճ է գրանցում։ 2014 թվականի ընթացքում սննդամթերքի արտադրությունն աճել է 8.4 տոկոսով, իսկ միայն դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճը կազմել է 23 տոկոս։ Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 306 մլրդ 46.8 մլն դրամ ընդհանուր արժեքով սննդամթերք, ընդ որում, արտադրության այս ճյուղը ապահովել է մշակող արդյունաբերության 38.5 տոկոսը։
Վերամշակող արդյունաբերության հաջորդ կարևոր ճյուղը՝ խմիչքների արտադրությունը, փոքր-ինչ նվազել է։ Տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 123 մլրդ 338.4 մլն դրամի խմիչք, որը շուրջ 3 տոկոսով զիջում է 2013թ. ցուցանիշը։ Խմիչքների արտադրությունը զբաղեցնում է մշակող արդյունաբերության 13 տոկոս մասնաբաժինը։ Մյուս խոշորագույն ճյուղը՝ ծխախոտի արտադրությունը մեկ տարում աճել է 36.5 տոկոսով՝ կազմելով 65 մլրդ 380.4 մլն դրամ։ Դրա մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 7.6 տոկոս։
2014 թվականին զգալի աճ է գրանցել նաև հագուստի արտադրությունը։ Դրա ծավալները մեկ տարում ավելացել են 16.1 տոկոսով և կազմել 7 մլրդ 334.8 մլն դրամ։ Նույն ժամանակահատվածում 10 տոկոսով ավելացել է դեղագործական արտադրությունը և կազմել 5 մլրդ 988.8 մլն դրամ, իսկ ռետինե և պլասմասայե իրերի արտադրությունն աճել է 23.1 տոկոսով՝ կազմելով 25 մլրդ 284.8 մլն դրամ։