Միջազգային դաշինքը փետրվարի 3-ին 24 ժամվա ընթացքում 14 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են միջազգային դաշինքի ուժերը: Սիրիայում օդային հարվածներն ուղղվել են քրդաբնակ Քոբանի քաղաքի մերձակայքում ահաբեկիչների դիրքերին, որոնց հետևանքով մարտական ստորաբաժանումներ են ոչնչացվել: 2 հարված ուղղվել են Հասաքեի մերձակայքում նավթային դաշտին, որը գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ: Եվս մեկ հարված հասցվել է Ռակկայի մերձակայքում գտնվող ահաբեկիչներին, արդյունքում մեքենաներ, նաև շինություններ են ոչն չացվել:

 

Ինչ վերաբերում է Իրաքին, ապա այնտեղ հավածներն ուղղվել են Բայջի, Թելաֆար, Ֆալլուջա, Մոսուլ քաղաքների մոտ գտնվող ահաբեկիչների հավաքատեղիներին, ոչնչացվել են ստորաբաժանումներ և մեքենաներ:

 

Միջազգային դաշինքի կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկիր, որոնցից 12-ը մասնակցում են Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններին: ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գործողությունները սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: