Հայ երիտասարդները հնարավորություն ունեն անվճար կրթություն ստանալ Ռուսաստանում: Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում է թեկնածուների հավաքագրում՝ Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին 2015/2016 ուսումնական տարում ռուսական բարձրագույն հաստատություններ ընդունվելու և սովորելու համար։

 

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք կրթություն ստանան իրենց երկրում:

 

«Նախորդ տարի Հայաստանում շատ լավ մրցույթ անցկացվեց՝ թեկնածուների 75 տոկոսն սկսեց սովորել մեր երկրի լավագույն բուհերում: Հայ դիմորդները շատ լավ արդյունքներ ցուցաբերեցին, հուսամ, որ այս տարի ևս վատ չի լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Շապովալովը՝ հավելելով, որ այս տարի ավելացել է թեկնածուների քվոտան, և Հայաստանից 223 մարդ կարող է ընդունվել ռուսական բուհեր՝ նախորդ տարվա 207-ի փոխարեն:

 

Երևանում ԳՄՌԿ տնօրեն Մարկ Կալինինն ընդգծեց, որ մասնակցության փաստաթղթերն ընդունվում են մինչև փետրվարի 16-ը՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: Նա փաստեց, որ թեկնածուների գիտելիքները ստուգելու համար կանցկացվեն թեստային քննություններ, այնուհետև աշխատանքային խումբը կընտրի նրանց, ովքեր կսովորեն ՌԴ բուհերում:

 

«Ծրագիրը հնարավորություն է տալիս կրթություն ստանալ լավագույն բուհերում: Այն ամբողջությամբ անվճար է, ուսանողները ստանում են կրթաթոշակ, հնարավորություն են ստնում ապրել հանրակացարանում, միայն թռիչքն ու ապահովագրությունն է իրենց հաշվին»,-նշեց Մարկ Կալինինը՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին և հավելելով, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը թեկնածուները պետք է ներկայացնեն Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն:

 

Ռուսաստանի դաշնային բյուջեի հատկացումների հաշվին ՌԴ-ում կրթություն ստանալու թեկնածուների ընտրության ծրագիրը սահմանում գործում է ՀՀ ԿԳՆ և ՌԴ ԿԳՆ միջև կրթության ոլորտում համագործակցության 13.07.2004-ի համաձայնագրի շրջանակում, որն ուժի մեջ է մտել 05.12.2006-ին: