Բրիտանական BBC լրատվականը տեսանյութ է պատրաստել ու անդրադարձել Հայաստանում երեխաների տեխնոլոգիական կրթության հնարավորություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեսանյութում նշվում է. «Հայաստանի շրջափակված դիրքը Հարավային Կովկասում խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացման փորձերը' սկսած 1991 թվականից, երբ այն անկախացավ Խորհրդային Միությունից: Այս ամենը Հայաստանի իշխանություններին ստիպեց տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը դիտարկել որպես հարստություն ձևավորելու ուղի: Ներդրումների շնորհիվ հայ երեխաներին առաջարկվում է բարձրտեխնոլոգիական անվճար կրթություն»:
BBC-ն նշում է, որ 2011 թվականից, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ առաջարկվող կրթությունն անվճար է: Սկզբնական ծրագիրը նախատեսված է 12-18 տարեկան պատանիների համար, ովքեր հնարավորություն ունեն ընտրել «Թումո»-ի կրթական ծրագրով առաջարկվող չորս հեռանկարային ոլորտներից մեկը՝ թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա եւ կայքերի մշակում։ Հայաստանի մի շարք դպրոցներում գործում են ռոբոտաշինական խմբակներ, այդ ծրագիրը շարունակական է, որի միջոցով փորձ է արվում տեխնոլոգիական կրթության հիմքերը դնել հենց դպրոցից: