Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քաղաքացիներ հնարավորություն ունեն անվճար կրթություն ստանալու Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը: Նրա խոսքով, ծրագրին մասնակցողները Ռուսաստանում ոչ միայն անվճար ուսում կստանան, այլև հանրակացարան:
«Նախորդ տարի Հայաստանի ուսանողները մեկնել էին սովորելու Ռուսաստանի 70 շրջանների բուհեր: Ռուսաստանի բուհերից մեկում կրթություն ստանալու համար հաշվի է առնվելու ատեստատի կամ դիպլոմի միջին միավորը: Ուշադրություն է դարձվելու, որ «երեքներ» չլինեն։ Այնուհետև մասնակիցները կանցնեն ռուսաց լեզվի թեստավորում, ասպիրանտներն էլ ռեֆերատ կգրեն: Մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույնները: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 25-ը»,-ասաց նա:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Օլեգ Շապովալովը նշեց, որ ծրագրի արդյունքում Հայաստանում կավելանան մասնագետները, որոնք կաշխատեն Հանրապետության բարօրության համար: «Ես կոչ եմ անում երիտասարդներին մասնակցել այս ծրագրին: Նման հնարավորությունը պետք չէ բաց թողնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Շապովալովը:
«Ռոսսոտրուդնիչեստվոն» և Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը 2014-2015 ուստարում հայտարարում են ընդունելություն կրթական կազմակերպություններում օտարերկրացի քաղաքացիների, առանց քաղաքացիության անձանց և արտերկրում բնակվող հայրենակիցների համար ռուսական կողմի հաշվին միջին' մասնագիտական, բարձրագ ույն կրթության և լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագրերով Ռուսաստանի կառավարության' 2013 թվականի հոկտեմբերի 8–ի № 891 քվոտայի որոշմանը համապատասխան։