Մեկնարկել է նոր ուսումնական տարին․ ինչպես ասում են՝ նոր կիսամյակ-հին խնդիրներով՝ մանկավարժների մասնագիտական որակավորումից սկսած մինչև կրթական ծրագրեր, բյուջետային նպատակային հատկացումներ, դասագրքերի բովանդակային հարցեր և այլն։

Հարցին, թե որո՞նք են մեր կրթական համակարգի հիմնական բացթողումները, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց հետևյալը․

«Մեր կրթական համակարգը մի քանի հիմնական թերություններ ունի, որ չի նպաստում դրա դինամիկ զարգացմանը։ Դրանք են՝ ոլորտի սխալ կադրային քաղաքականությունը, երբ որոշումներ են կայացնում ոլորտում որևէ հետագիծ չունեցող, պատահական մարդիկ, կրթական համակարգը դեռևս մեկուսացած է գործում, անմիջական կապ և առնչություն չկա տնտեսության, դրա ճյուղերի հետ։ Կրթական հաստատությունների շրջանավարտները ձեռք չեն բերում այնպիսի գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ, որ կարողանան անմիջականորեն կիրառեն նույն մասնագիտությամբ աշխատանքի անցնելիս»։

Թերությունների շարքում մեր զրուցակիցը նշեց նաև այն հանգամանքը, որ պետությունը որևէ կերպ չի նպաստում կրթության ու գիտության նկատմամբ հետաքրքրության աճին․ ոլորտի հեղինակությունը ցածր մակարդակի վրա է, կրթության ոլորտի մասնագետների աշխատավարձը շարունակում է ցածր մնալ։

Աշխատավարձի բարձրացման մասով, ի դեպ, ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍՆ-ն ամիսներ առաջ ազդարարեց հավակնոտ ծրագրի մասին, ըստ որի՝ ուսուցիչների աշխատավարձը կարող է մեր օրերի և հենց այդ մասնագիտությամբ աշխատողների համար վերաճել «աստղաբաշխական» չափի՝ շուրջ 1000 ԱՄՆ դոլարի։ Անդրադառնալով թեմային՝ Մխիթարյանը նկատեց․

«Ցավոք սրտի, դա ուղղակի հայտարարության մակարդակում մնաց․․․Կառավարության նիստի ընթացքում։ Գործնականում մատերի վրա կարելի է հաշվել այն ուսուցիչներին, որ կարող են այդպիսի ամսական աշխատավարձ ստանալ։ Ընդհակառակը, դեռևս 100-ից ավելի դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, որոնք չեն լրացվում․ մեր երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքն, ըստ էության, ոտնահարվում է։ Մեր հասարակությունը, պետությունը, հատկապես այս հետպատերազմյան շրջանում, պետք է դեմքով դառնա դեպի կրթական համակարգը և ամեն ինչ անի դրա վարկն ու հեղինակությունը բարձրացնելու համար»։

Առաջին քայլը, կրթության փորձագետի կարծիքով, ոլորտի մասնագետների աշխատավարձերի համընդհանուր բարձրացումն է, առանց որևէ նախապայմանի։

Արա Ալոյան