Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների արդյուքնում խախտում կատարած օտարերկրացիների մուտքը այդ երկիր հետագայում արգելվում է' անկախ նրանց քաղաքացիությունից:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը' բոլոր քաղաքացիներին հորդորելով գործունեություն ծավալել միայն իրավական դաշտում: «Ցանկացած անձ, ով գործել է անլեգալ դաշտում, համարվում է անօրինական միգրանտ, և արգելք է դրվում Ռուսաստանի տարածք նրա մուտքի վրա: Ներկայումս Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները, ովքեր մտահոգություն ունեն, որ կարող է իրենց համար ևս արգելանք դրվի, պետք է մինչև այդ երկրից դուրս գալը փորձեն ճշտել: Նրանք պետք է այցելեն իրենց բնակության վայրի միգրացիոն դաշնային ծառայության ստորաբաժանումներ և փնտրեն իրենց անունը: Սակայն պետք է ամեն դեպքում հաշվի առնել, որ այդ հարցում Ռուսաստանի մոտեցումը խիստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Եգանյանը:
ՀՀ միգրացիոն ծառայության պետը տեղեկացրեց, որ իրենց տվյալներով ներկայումս 3 մլն-ից ավելի անձինք հայտնվել են ՌԴ օրենսդրական նորմերը խախտողներին թվում, որոնց նկատմամբ կիրառվելու է ՌԴ մուտքի արգելանք' մինչև 10 տարի ժամկետով: «Նույն աղբյուրների համաձայն, ռիսկի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 180 հազար է: Արդեն իսկ 50-60 հազար ՀՀ քաղաքացիներ հայտնվել են այդպիսի իրավիճակում, նրանք դուրս են եկել ՌԴ տարածքից և չեն կարողանում հետ վերադառնալ»,- ասաց նա:
Եգանյանը հայտնեց, որ այդ անձանց խնդիրներին լուծում տալու համար համաձանություն է ձեռք բերվել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության հետ, համաձայն որի' ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները' կից փաստաթղթերի հետ հավաքվում և փոխանցում են ռուսական կողմին: «Այդ աշխատանքները սկսվել են 2014 թվականի հունիսից, իսկ 2015 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ծառայությունում ստացվել է 3700 դիմում, որոնցից ավելի քան 3200-ը ուղարկվել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Դրական պատասխան է ստացվել դիմումների թվի շուրջ 22 տոկոսի վերաբերյալ»,- ասաց Գագիկ Եգանյանը:
2015-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու իրավական պայմանների մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով խստացվել են այնտեղ գտնվելու պայմանները: Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ էին մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն այդ կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները կարող էին ՌԴ տարածքում մնալ 90 օր' յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: