ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունը մեկ ամսվա ընթացքում Ռուսաստան մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիներից 5400 դիմում է ստացել:
Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ պետ Գագիկ Եգանյանը՝ ներկայացնելով փետրվարի 6-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը: «Ուղիղ մեկ ամիս առաջ ես կրկին ասուլիսով հանդես եկա, որի ժամանակ տեղեկացրեցի, որ այդ պահի դրությամբ մենք Ռուսաստան մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիներից ստացել ենք 4000 դիմում: Այս մեկ ամսվա ընթացքում մենք ևս 1400 դիմում ենք ստացել: Այսինքն՝ դիմումների ընդհանուր թիվը կազմում է 5400»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Եգանյանը:
Նա տեղեկացրեց, որ մարտի 6-ի դրությամբ 5400 դիմումներից 4600-ն արդեն ուղարկվել է Ռուսաստանի պետական միգրացիոն ծառայություն: «Ուղարկված 4600 դիմումներից 2500-ի վերաբերյալ պատասխաններն արդեն ստացել ենք: Փետրվարի 6-ի դրությամբ մենք ստացել էինք 500 դրական պատասխան: Հիմա այդ թիվն արդեն դարձել է 600»,- հայտնեց Եգանյանը:
Եգանյանը նաև պարզաբանեց, որ դատարանի վճռով Ռուսաստան մուտքի արգելանք ունեցող քաղաքացիների դիմումները բացասական պատասխան են ստանալու, քանի որ ՌԴ միգրացիոն պետական ծառայությունն իրավասու չէ բեկանել դատարանի որոշումը: «Ես քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում միգրացիոն ծառայություն չդիմել, որովհետև բացասական պատասխան են ստանալու»,- ասաց նա:
ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը հայտնեց, որ ՌԴ դաշնային միգրացիոն պետական ծառայությունից ստացված 2500 պատասխաններից 330-ը վերաբերում են դատական վճռով արգելանք դնելու դեպքերին, որոնք եղել են բացասական: «Եթե այդ դեպքերը հանենք, ապա կստացվի, որ 600 դրական պատասխան ենք ունեցել կամ դրական պատասխանների տոկոսը կազմում է մոտ 30 տոկոս: Այսինքն՝ երեք ուղարկված գործերից մեկի դեպքում մենք դրական պատասխան ենք ստանում»,- մանրամասնեց Եգանյանը:
Եգանյանը տեղեկացրեց նաև, որ ինքը գործուղվել է Մոսկվա, ինչի նպատակն է եղել գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները և դրանց արդյունավետ լուծումներ տալու եղանակները: Եգանյանը փաստեց, որ գործուղման ընթացքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ՝ հույս հայտնելով, որ դրանց կյանքի կոչումը կնպաստի, որպեսզի ՌԴ մուտքի արգելանք ունեցող քաղաքացիների վերաբերյալ դրական պատասխանների դինամիկան ավելանա: