ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց այն պայմանները, որոնց դեպքում ՌԴ մուտքի արգելանքը հանելու դիմումները կստանան միայն դրական պատասխան: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Եգանյանը հայտնեց, որ նման դեպքերը 5-ն են: «Եթե անձն ունի իր ընտանիքի անդամ հանդիսացող Ռուսաստանի քաղաքացի ծնողներ, երեխաներ, ամուսիններ, ապա, որպես կանոն, նման դեպքերում արգելանք ունեցող անձի դիմումը դրական պատասան է ստանալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Դրական պատասխան կստանան նաև այն աձինք, ում ՌԴ-ում գտնվելը կապված է ուսումը շարունակելու հետ: «Անկախ նրանից, թե ինչ խախտում է թույլ տվել քաղաքացին, այս դեպքում էլ նրա դիմումը դրական պատասխան կստանա: Երրորդ դեպքը կապված է բուժման կամ խնամքի իրականացման հետ»,- նշեց նա:
ՌԴ մուտքի արգելանքը կհանվի նաև այն դեպքում, եթե դիմող անձը Ռուսաստանում իր անունով որևէ սեփականություն ունի: Եթե անձը նախկինում ունեցել է աշխատանքի թույլտվության փաստաթուղթ, այդ դեպքում նրա նկատմամբ կիրառվող արգելանքը ևս կհանվի: «Ահա բոլոր այս դեպքերում Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունից խոստացել են, որ դիմումների պատասխանները դրական են լինելու»,- հայտնեց Եգանյանը:
ՌԴ կատարած այցի ընթացքում Եգանյանին խոստացել են նաև տարիքային ցենզով պայմանավորված խիստ լիբերալ մոտեցում ցուցաբերել: Խոսքը 50 տարեկանից բարձր անձանց մասին է: Նա վստահություն հայտնեց, որ այս ամենի արդյունքում տեղի կունենա դրական պատասխանների թվի ավելացում: