«Մայրաքաղաքում ոչ միայն այլանդակում ու վերացնում են քաղաքային մի շարք կարևոր հուշարձաններ, այլ ողջ քաղաքաշինական պրոցեսը գտնվում է ոչ լավագույն վիճակում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ նշված քաղաքային հուշարձանների թվում են նախկին «Սևան» հյուրանոցի շենքը, որը Հայաստանի գլխավոր ճարտարապետի գործն էր և Երիտասարդական պալատը:
«Մեզ ամենաշատն անհանգստացնում է, որ ժառանգությունն է կորում այդտեղ, և խորհրդային շրջանի կառույցները կորցնում են իրենց դեմքը. դրանք շենքերի ձեղնահարկերի անվան տակ այլանդակվել են: Խոսքը Մաշտոցի , Կորյունի, Տերյանի շենքերի մասին է, որտեղ բոլորում ավելացված հարկեր կան: Ուղղակի հարկեր»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նշենք, որ Հայաստանի ճարտարապետների միության նախագահը ևս այն մտավորականների շարքում էր, ովքեր բաց նամակ էին ուղղել նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և Գլխավոր դատախազին՝ ահազանգելով մայրաքաղաքի քաղաքաշինական դեմքի կորստի և Փակ շուկայի ճակատագրի մասին:
Մկրտիչ Մինասյանն անկեղծորեն նշեց, որ ծանոթ չէ նախագահի թեկնածուների ծրագրերի՝ քաղաքաշինությանը վերաբերող հատվածին, բայց կարծում է, որ նախագահի յուրաքանչյուր թեկնածու էլ երկրի հուշարձաններին ու քաղաքաշինական գործընթացներին առաջնային ուշադրություն պետք է դարձնի:
Ինչ վերաբերում է նոր կառույցներին, ապա այնպես չէ, որ Մկրտիչ Մինասյանը բոլորին դեմ է, քանի որ, ըստ նրա, կան հաջողված հուշարձաններ:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Երևանում վերացան մտավորականների սրճարաններն ու հավաքատեղիները, որոնք կան այլ մայրաքաղաքներում, Հայաստանի Ճարտարապետների միության նախագահը նշեց. «Հիմա էդ բոլորը՝ Պապլավոկ, Սկվազնյակ, տեղափոխվել են ավելի էնպիսի սրճարաններ, որոնք երևի իրենց կոնտինգետը ունեն, բայց էդ ամեն ինչը ժամանակի խնդիր է, նրանք իրենք պետք է իրենց տեղը գտնեն, իրենց ասելիքն ասեն, որովհետև էլ երբեք չի լինի Սկվազնյակի նման տեղ, որտեղ բոլորը հավաքվում էին: Չի լինի «Երևան» հյուրանոցի էդ նկարիչների սրճարանը»:
Ինչ վերաբերում է Վերնիսաժին, որն էլ չդարձավ Մոնպառնաս, Մկրտիչ Մինասյանն ասաց. «Չէ, Գլխավոր պողոտայի վրայի վերնիսաժը և Սարյանի արձանի մոտինը եղան սպոնտան: Դե Սարյանի մոտինը քիչ թե շատ բարեհաճ տպավորություն է թողնում, որովհետև այնտեղ նկարիչներ են, բայց այն մյուսը, չէ, այնտեղ մարդկանց ուղարկում է ստիպվածությունը»: